Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն այսօր ավարտվեց: Այն տևեց երկու ամիս, երիտասարդները ծանոթացան գրեթե բոլոր ճյուղերին, ստացան պրակտիկ հմտություններ, եղան պետական և ոչ պետական մարմիններում: Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցի ամփոփումն իրականացրեց դպրոցի հիմնադիր, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը, որն իր գործընկերների` դպրոցի դասավանդողների հետ միասին, դպրոցի ունկնդիրներին հանձնեց դպրոցի ավարտական դիպլոմները: Թե ի՞նչ տվեց դպրոցը ունկնդիրներին և ի՞նչ թերություններ են առկա, հարցերին պատասխանում են հենց երիտասարդները:

Լիլիթ Ֆանարջյան: Դպրոցում առանձնահատկություններ շատ եմ տեսել, մասնավորապես՝ հմտությունները, որոնք մեզ տրվել են, արդեն դարձել են մեր ձեռքի բանալին, օրինակ՝ սովորել ենք տարբեր տեսակի փաստաթղթեր կազմել, ինչը պետք է գալու մասնագիտական աշխատանքի ժամանակ: Դպրոցն ինձ տվել է ավելին քան ես սպասում էի: Արդեն ինքս իմ մեջ վստահություն ունեմ, որ կարող եմ իրավաբանի գործունեությամբ զբաղվել:

Թագուհի Փիրուզյան: Դպրոցն արդարացրեց մեր սպասումները, քանի որ այն նախատեսում էր մեզ տալ պրակտիկ հմտություններ ու տվեց, բացի այդ մենք ստացանք շատ հարցերի պատասխաններ՝ առնչվող տեսական դրույթներին: Սովորեցինք շատ բաներ՝ լրացնելով մեր բացերը: Օրինակ՝ ես լրացրեցի իմ մասնագիտական գործունեության այն բացերը, որոնք կապված էին փաստաթղթերի կազմման ու օրենքների մեկնաբանության հետ: Թերություններից միայն կարող եմ մատնանշել այն, որ երբ հանձնարարություն էր լինում, այն գրավոր ձևակերպված չէր, սա ավելի շատ կազմակերպչական թերություն է:

Անի Արշակյան: Դպրոցն ինձ առաջին հերթին տվեց ընկերներ ու պրակտիկ գիտելիքներ: Թերությունների մասին, անկեղծ ասած, չեմ ուզում խոսել: Բացի այդ, հնարավորություն եղավ ծանոթանալ պետական մարմինների հետ: Շատ իրավաբաններից մենք լսում էինք խորհուրդներ, որոնք հետագայում մեզ պետք կգան: Արդյունավետ էր այցելությունները պետական մարմիններ:

Ունկնդիր: Պրակտիկան ինձ մոտ թույլ էր նախկինում, ես ներկայումս աշխատում եմ ու սեմինարներից ստացած գիտելիքները ինձ օգնել են, շատ բաներ դասավանդողների խորհուրդներով եմ անում:

Անի Հարությունյան: Թերություններից նշեմ այն, որ ժամանակը քիչ էր, նյութերի ծավալը՝ շատ: Ինչ շատ բան տվեց դպրոցը, ակնկալում էի պրակտիկ գիտելիքներ ստանալ, պայմանագրեր, վճռաբեկ ու վերաքննիչ բողոքներ կազմել, ինչը ստացա: Նշեմ, որ միջավայրն էլ է շատ տրամադրող:

Արմանուշ Ղազարյան: Ժամանակի առումով համամիտ չեմ, այն, ինչ սովորեցինք ժամանակի ընթացքում, կարծում եմ՝ հենց այդ ժամանակի համար էլ նախատեսված էր: Դպրոցից իմ ակնկալիքներն արդարացվեցին:

Աստղիկ Բաղդասարյան: Ինձ դպրոցը փոխանցեց նոր գիտելիքներ ու հմտություններ, որոնց դեռևս ծանոթ չեմ եղել: Շատ արդյունավետ էր:

Շուշան Շահինյան: Առաջին հերթին՝ մտերիմ ընկերներ, բացի այդ, ավելի անմիջականորեն կարողացա առնչվել պրակտիկ գործունեությանը: Կոնկրետ պայմանագրերի հետ կապված ասեմ, որ ավելի հստակ ու դիպուկ ծանոթացա օրենքի անդրադարձին: Իհարկե, չեմ կարող ասել, որ լավ էր անցնում դասավանդումը՝ և՛ իմ տեսանկյունից, և՛ ժամանակի առումով, սակայն այնուամենայնիվ որոշակի գիտելիքներ ստացա:

Հիշեցնենք, որ Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցն իրականացվում է «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից: Դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net կայքը:

Երիտասարդ իրավաբանների պրակտիկ հմտությունների դպրոցը կլինի շարունակական: Առաջիկայում «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կտրվի դպրոցի նոր ընդունելության մասին հայտարարություն: