2004թ.-ից սկսած Հայաստանում կազմակերպվում է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: 2004թ.-ից ի վեր կազմակերպվել է երեք գիտաժողով` յուրաքանչյուր տարի մեկ անգամ սկզբունքով: Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել փաստաբանության բնագավառում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը և նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը: Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հանդիսանում է գիտաժողովի համակազմակերպիչ: Ստորև կարող եք գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն գիտաժողովի վերաբերյալ:

2005 թվականի ապրիլի 22-ին «Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երկրորդ գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլը, որը կազմակերպվեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան ուսանողների բաժանմունքի և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի կողմից: Գիտաժողովի հովանավորներն էին Ամերիկյան իրավաբանների ընկերակցության կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի իրավական նախաձեռնության հայաստանյան գրասենյակը և «Բուկինիստ» գրատունը:

Գիտաժողովի նպատակն էր փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, ինչպես նաև նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը և կայացմանը: Գիտաժողովը հնարավորություն ընձեռեց քննադատական երկխոսություններ իրականացնել փաստաբանության ինստիտուտի ներկա վիճակի և հրատապ հարցերի շուրջ:

Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Հաստատված ժամանակացույցի համաձայն` 2005թ.-ի փետրվարի 25-ին գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 43 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովին մասնակցելու հայտեր ներկայացրած 43 ուսանողներից սահմանված ժամկետներում իրենց զեկույցները ներկայացրեցին 22-ը: Գիտաժողովի գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած 7 լավագույն զեկույցների հեղինակները, գիտաժողովի պաշտոնական կանոնների համաձայն, իրավունք ստացան որպես զեկուցողներ մասնակցել գիտաժողովի եզրափակիչ` բանավոր փուլին: Գիտաժողովի գրավոր և բանավոր աշխատանքները գնահատելու համար, որպես գիտաժողովի փորձագետ դատավորներ, հրավիրվեցին ճանաչված փաստաբաններ, իրավաբաններ և դատավորներ: Գիտաժողովի հաղթողները արժանացան արժեքավոր մրցանակների:

Գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով հրատարակվել է գրքույկ, որը անվճար հիմունքներով տարածվել է երիտասարդ իրավաբանների և փաստաբանների շրջանում:

Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանեցին «ԱԼՄ» և «Կենտրոն» հեռուստաընկերությունները, Հայաստանի հանրային ռադիոն, Ա1+ ինտերնետային լրատվական վեբ կայքը և «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: