«Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության հետ համատեղ` Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ աջակցությամբ 2013 թ.-ի հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կազմակերպված ուսումնաարտադրական պրակտիկայի չորրորդ, հինգերորդ և վեցերորդ (միացյալ) խմբերում ներգրավել են հետևյալ ուսանողները՝
1. Տաթև Հարությունյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, բակալավր, իրավագիտություն)
2. Հակոբյան Շահանե (Հայաստանում ֆրանսիական համալսարան, բակալավր, իրավագիտություն)
3. Անահիտ Սարգսյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, բակալավր, իրավագիտություն)
4. Մարիամ Ներսեսյան (Հայաստանում ֆրանսիական համալսարան, բակալավր, իրավագիտություն)
5. Գևորգ Խաչատրյան (ԵՊՀ, բակալավր, իրավագիտություն)
6. Հայկ Ղազարյան (Երևանի պետական մանկավարժական համալսարան, բակալավր, իրավագիտության)
7. Րաֆֆի Գևորգյան (Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտ, բակալավր, իրավագիտություն)
8. Արտակ Թորոսյան (ՀՀ Պետական կառավարման ակադեմիա, մագիստատուրա, իրավագիտություն)
9. Նորայր Նազարյան (Երևանի պետական մանկավարժական համալսարան, բակալավր, իրավագիտություն)
10. Անահիտ Ջահուկյան (ՀՊՏՀ, շրջանավարտ)
11. Ավետիս Քեշիշյան (Ճարտարապետաշինարարական համալսարան, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, բակալավր)
12. Լուսինե Չիլինգարյան (ԵՊՀ, բակալավր, իրավագիտություն)
13. Լիլիթ Նալբանդյան (Գլաձոր համալսարան, բակալավրիատ, իրավաբանություն)
14. Զարուհի Հայրապետյան (Գլաձոր համալսարան, մագիստրատուրա, իրավաբանական ֆակուլտետ)
15. Լիլիթ Արշակյան (ԵՊՏՀ, բակալավր)
16. Լուսինե Հարությունյան (Ազգային հետազոտական ինստիտուտ, տնտեսագիտության բարձրագույն դպրոց, Սանտկ Պետերգուրգ, բակալավր)
17. Մարիա Սարգսյան (Գլաձոր համալսարան, մագիստրատուրա, իրավաբանություն)
Այս ուսանողներն ընտրվել են պրակտիկայի համար դիմած ավելի քան 100 ուսանողներից:
Ավելի քան 32 ժամ տևած պրակտիկայի ընթացքում նշված ուսանողները.
18.07.2013թ.-ին հանդիպել են «Ինթեգրիթի Էքշն» միջազգային ոչ կառավարական կազմակերպության Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում բարեխղճության կրթության ցանցի ղեկավար պարոն Հարություն Ալեքսանյանի, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան պարոն Կարեն Զադոյանի, ինչպես նաև պրակտիկայի ուսումնական մասի համակարգող պարոն Մարատ Ատովմյանի և պրակտիկայի գործնական մասի համակարգող Նվարդ Լոռյանի հետ:
Հանդիպման ընթացքում պարոն Զադոյանը ուսանողներին ներկայացրեց պրակտիկայի նպատակը, «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության ստեղծման պատմությունը, արժեքները, գործունեության սկզբունքներն ու ուղղությունները, հատուկ ուշադրություն դարձնելով մասնագիտական էթիկայի դերին ու նշանակությանը:
Պարոն Ալեքսանյանն իր խոսքում մանրամասն ներկայացրեց «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության կազմավորման պատմությունը, առաքելությունը, արժեքները, գործունեության բոլոր ուղղությունները, ինչպես նաև անդրադարձավ պրակտիկայի նպատակներին:
Մարատ Ատովմանը և Նվարդ Լոռյանը պրակտիկանտներին ծանոթացրեցին պրակտիկայի ծրագրի, նրա անցկացման մեթոդաբանության և կազմակերպչական հարցերի հետ:
Ուսումնաարտադրական պրակտիկան բաժանված էր մի քանի փուլերի: Առաջին՝ տեսական փուլի ընթացքում ներկայացվեցին բարեխղճության թեմաներով տարբեր զեկույցներ` նվիրված հաշվետվողականության, կոմպետենտության, էթիկայի և հակակոռուպցիոն վարքագծի հարցերին:
Երկրորդ փուլում մասնակիցները մի շարք հանդիպումներ ունեցած պետական և միջազգային կառույցների և այլ հաստատությունների ներկայացուցիչների և ղեկավարների հետ: Հանդիպումներն անցել են ինտերակտիվ եղանակով և ուսանողները հնարավորություն են ունեցել ազատ արտահայտելու իրենց մտքերը և բազմաթիվ հարցեր ուղղելու:
Հուլիսի 23-ին կայացած առաջին հանդիպումը Հ2 հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Կարեն Հակոբյանի հետ էր: Վերջինս խոսեց հոռուստաընկերության գործունեության հիմնական առանձնահատկությունների, վարած քաղաքականության և աշխատակազմի ընտրության մասին: Հետաքրքիր քննարկումներ ծավալվեցին հեռուտաընկերության թափանցիկության և հաշվետվողականության հարցերի շուրջ: Կարեն Հակոբյանը ներկայացրեց նաև վերջին ժամանակներս հեռուստաընկերության կողմից իրականացրած և առաջիկայում պլանավորվող խոշոր ծրագրերը: Մասնակիցները նաև շրջեցին մի քանի տաղավարներով, որտեղ ավելի մոտիկից ծանոթացան, թե ինչպես են կատարվում նկարահանումները և հեռարձակումները:
Հուլիսի 24-ին պրակտիկայի ուսանողները հյուրընկալվեցին Elite Plaza բիզնես կենտրոնում, որը Հայաստանում միակ Ա դասի բիզնես կենտրոնն է: Կենտրոնի գործադիր տնօրեն Տիգրան Քոչարյանը խոսեց իր գործելաոճի, աշխատակիցների ընտրության և գործերի ճիշտ վարման մասին: Նա նաև մասնակիցներին ներկայացրեց իր մոտեցումները էթիկայի և կոմպետենտության վերաբերյալ: Պարոն Քոչարյանը պատմեց նաև կենտրոնի սպասարկման լայն հնարավորությունների մասին և տեխնիկական գերհագեցվածության մասին: Վերջինս նաև շրջայց կազմակերպեց և ներկայացրեց կենտրոնում տարբեր տեսակի բիզնես հանդիպումներ, սեմինարներ և այլ միջոցառումներ կազմակերպելու, ինչպես նաև բարձրակարգ գրասենյակներ վարձակալելու հնարավորությունների մասին: Մասնակիցներից մեկին առաջարկվեց մասնակցել կենտրոնի թափուր աշխատատեղերից մեկի համար կազմակերպվող հարցազրույցին: Վերջում մասնակիցները կենտրոնի վերջին՝ 18-րդ հարկից, վայելեցին Երևանի ամբողջ տեսարանը:
Հուլիսի 25-ը ամբողջությամբ նվիրված էր հասարակական ոլորտում բարեխղճության դրսևորմանը: ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գրասենյակում հանդիպումներ կազմակերպվեցին մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բոլոր ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին իրենց կազմակերպություններում բարեխղճության բաղադրիչների պահմանման մասին: Սկզբում ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի գործադիր տնօրեն Խաչիկ Գևորգյանը, այնուհետև «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ ՀԿ-ի»–ի գործադիր տևօրեն Ալեքսանդր Շագաֆյանը և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունները, պատասխանեցին պրակտիկանտների հարցերին: Վերջում նաև ներկայացվեց iravaban.net իներնետային կայքէջը: Լրագրող Արև Ավագյանը ներկայացրեց, թե ինչպես է կայքը անդրադառնում հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ հարցերի լուսաբանմանը:
Հուլիսի 26-ին մասնակիցները միանգամից երկու հանդիպում ունեցան: Առաջին հանդիպումը Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Գասպարյանի և Ազգային ժողովի նախագահի խորհրդական Հրայր Զորյանի հետ էր: Մասնակիցների մեծ մասը առաջին անգամ էին ԱԺ-ում: Գլխավոր խորհրդականը և խորհրդականը անդրադարձան բարեխղճության բոլոր բաղադրիչներին և պատասխանեց մասնակիցների կողմից ուղղված հարցերին: Պարոն Գասպարյանը նաև խոսեց ԱԺ-ի կառուցվածքից, գործունեությունից և ԱԺ-ում աշխատանքի ընդունվելու հնարավորություններից: Խոսվեց նաև Էթիկայի հանձնաժողովի գործունեությունից:
Այնուհետև կազմակերպվեց շրջայց ամբողջ ԱԺ-ի տարածքում և ԱԺ-ի այգում: Մասնակիցները հիացած էին ԱԺ նախագահի գլխավոր խորհրդականի և խորհրդականի պրոֆեսիոնալիզմով և պատրաստվածությամբ, ինչպես նաև ուսանողների նկատմամբ նրանց վերաբերմունքից:
Օրվա երկրորդ հանդիպումը նոտարական պալատի նախագահ պարոն Մամիկոն Ասլանյանի հետ էր: Պալատի նախագահը խոսեց էթիկայից, կոռուպցիոն դրսևորումներից և հաշվետվողականությունից: Մասնակիցները իրենց հարցերի միջոցով փորձեցին վեր հանել պալատում առկա խնդիրները և պարզել նոտարների գործունեության ընթացքում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը: Պարոն Ասլանյանը մանրամասն խոսեց պալատի գործունեության, նախագահի ընտրության և մանրամասներ ներկայացրեց նոտարների գործունեության վերաբերյալ: Նա նաև նշեց նոտարական պալատի համագործակցությունների մասին և կարևորեց այն փաստը, որ Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող այն բնակիչները, որոնք վատ են տիրապետում լեզվին և դժվարանում են հաղորդակցվել տեղի նոտարների հետ, կարող են դիմել նոտարական պալատի նախագահին և վերջինս կաջակցի նրանց այդ հարցերում: Վերջում պարոն Ասլանյանը նաև ներկայացրեց պալատի կողմից իրականացվող հանրային իրազեկամանն ուղղված ակցիաները:
Հուլիսի 29-ին պրակտիկայի մասնակիցները հանդիպեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի հետ: Վերջինս խոսեց հիմնադրամի ֆինանսավորման, բարերարների և հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Մասնակիցները հարցեր ուղղեցին ծրագերի ֆինանսավորման և իրականացման գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև կոնկրետ տարվա համար ընտրվող առաջնային ծրագրերի որոշման կարգի վերաբերյալ: Պարոն Վարդանյանը խոսեց նաև հիմնադրամի գործունեության թափանցիկության ապահովման և կադրերի ընտրության մասին: Վերջում մասնակիցներին բաժանվեցին հիմնադրամի տարեկան հաշվետվությունները և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատրաստված երգերի ձայնասկավառակներ:
Հուլիսի 30-ին ուսանողները ՄԱԿ-ի Հայաստանի ներկայացուցչության շենքում հանդիպեցին հանրային տեղեկատվության վարչության տեղեկատվության գծով պատասխանատու Արմինի Հալաջյանի հետ: Տիկին Հալաջյանը ներկայացրեց ՄԱԿ-ի կառուցվածքն ու գործառույթները՝ անդրադարձ կատարելով ՄԱԿ-ի կառույցների աշխատանքում բարեխղճության ապահովմանը: Նա հատկապես անդրադարձավ կոմպետենտության և հաշվետվողականության բաղադրիչներին: Պրակտիկանտները բազմաթիվ հարցեր ուղղեցին զեկուցողին: Վերջում պրակտիկայի մասնակիցներին տրամադրվեցին ՄԱԿ-ի որոշ տպագրություններ:
Միևնույն օրը պրակտիկայի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Աշխատանքի և սոցիալական նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Արմեն Աբրահամյանին: Հանդիպման շրջանակներում Ա. Աբրահամյանի կողմից մասնակիցներին ներկայացվեց վերջին շրջանում կատարված բարեփոխումները՝ շեշտադրելով դրանց արդյունքում հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանն ուղղված գործողությունները: Ներկայացվեց նաև հիմնված էլեկտրոնային բազան, որով հնարավոր է դառնում վերահսկել ծառայություն դիմած քաղաքացիների գործի ընթացքը: Մասնակիցներին տրվեց լայն հնարավորություն ներկայացնել իրենց հարցերն ու մտահոգությունները հիշյալ ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ: Իսկ մասնակիցներից էլ մեկը բարձրաձայնեց իր տատիկի հետ հանդիպած խնդիրը՝ որը տեղում ուսումնասիրվեց և ապահովվեց դրա ընթացքը: Հանդիպումն անցավ ջերմ մթնոլորտում: Արմեն Աբրահամյանը պրակտիկայի մասնակիցներից մեկին հրավիրեց իրենց մոտ անցնել աշխատանքի:
Օգոստոսի 7-ին պրակտիկայի մասնակիցները հանդիպում ունեցան ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ: Պարոն Յիրիկյանը սկզբում խոսեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի ընդհանուր գործունեության մասին, ապա ավելի կոնկրետ ներկայացրեց բարեխղճության ապահովմանն ուղղված գործողությունները: Ներկայացվեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի ստեղծման նախապատմությունը և արժեքները, ինչպես նաև աշխատակիցների ընտրության կարգը և էթիկայի կանոններից մի քանիսը: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց բոլոր հարցերը: Ռալֆ Յիրիկյանը անձամբ շրջայց կազմակերպեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի կենտրոնական գրասենյակի բոլոր հարկերում և մանրամասն ներկայացրեց կազմակերպության գործունեությունը: Մասնակիցները նույնիսկ հյուրընկալվեցին պարոն Յիրիկյանի առանձնասենյակում:
Մինչև անհատական պրակտիկայի սկիզբը ուսանողներին հանձնարարվել է բարեխղճության վերաբերյալ գործնական աշխատանք ներկայացնել, բաժանելով նրանց խմբերի, որը ուսանողների շրջանում կզարգացնի նաև խմբային աշխատելու ունակությունները:
Ուսումնաարտադրական պրակտիկայի երրորդ փուլում մասնակիցները անհատական պրակտիկա անցան տարբեր հաստատություններում, մասնավորապես՝ նոտարական պալատում, Elite Plaza բիզնես կենտրոնում և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայում: Անհատական պրակտիկայից առաջ մասնակիցներին կոչ էր արվել առավել ուշադրություն դարձնել հաստատություններում բարեխղճության ապահովման մակարդակին: Անհատական պրակտիկայի ընթացքում մասնակիցները ավելի պրակտիկ գիտելիքներ ձեռք բերեցին և մոտիկից ծանոթացան կազմակերպությունների գործունեությանը:
Օգոստոսի 23-ին Երևանի «Անի Պլազա» հյուրանոցում տեղի ունեցավ ուսումնաարտադրական պրակտիկայի եզրափակիչ միջոցառումը՝ ավելի քան 30 ուսանողների մասնակցությամբ: Միջոցառումը համախմբել էր պրակտիկայի նախորդ և վերջին փուլերի բոլոր ուսանողներին: Ողջույնի խոսքով հանդես եկան «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը, «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության բարեխղճության կրթական ծրագրի տնօրեն Էլեն Գոլդբերգը և «Ինթեգրիթի Էքշն» կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բարեխղճության կրթական ցանցի մենեջեր Հարություն Ալեքսանյանը: Կարեն Զադոյանը միջոցառման ընթացքում խոսեց ուսումնաարտադրական պրակտիկայի և ձեռքբերված արդյունքների մասին: Այնուհետև ուսումնաարտադրական պրակտիկայի վերջին՝ չորրորդ, հինգերորդ և վեցերորդ (միացյալ) խմբի ուսանողները ներկայացրեցին պրակտիկայի ընթացքում կատարված խմբային գործնական աշխատանքները` Երևանում հասարակական տրանսպորտի գնի թանկացման խնդրի հետ կապված` բարեխղճության բաղադրիչների համտեքստում:
Տեղի ունեցան ակտիվ քննարկումներ, որից հետո մասնակիցներին հանձնվեցին մասնակցության հավաստագրերը: Միջոցառման վերջում ուսանողներին հնարավորություն տրվեց արտահայտելու իրենց գաղափարները և երախտիքի խոսքերը: