Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը փետրվարի 17-ին կազմակերպել էր Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական գրասենյակների ղեկավարների հետ քննարկում-սեմինար: Քննարկմանը մասնակցել են շուրջ 50 փաստաբաններ (20-ից ավելի փաստաբանական գրասենյակների ղեկավարներ/ներկայացուցիչներ):
Ողջունելով գրասենյակների ղեկավարներին և կարևորելով փաստաբանական գրասենյակների և ՀՀ փաստաբանների պալատի միջև սերտ կապերի հաստատման անհրաժեշտությունը, Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ նման հանդիպումները կլինեն շարունակական և ուղղված կլինեն Հայաստանում փաստաբանական ինստիտուտի և փաստաբանական համայնքի զարգացմանը:
Քննարկման ընթացքում ելույթ է ունեցել նաև «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը, ով ներկայացրել է իր կողմից ղեկավարվող ընկերության կառավարման ընթացքում առավել հաճախ հանդիպող խնդիրները: Մասնավորապես Կարեն Զադոյանը առաջարկել է փաստաբանների վերապատրաստումները կազմակերպելիս հաշվի առնել փաստաբանական գրասենյակների պահանջարկները, առաջարկել է փաստաբանական գործունեությունը, որպես բիզնես գործունեության խթանման համար քննարկել ոլորտի օրենսդրության բարեփոխումների հնարավորությունները: Կարեն Զադոյանը առաջարել է նաև քննարկել Հայաստանում իրավաբանական սխալի ապահովագրության ներդրման հնարավորությունը:
Փաստաբանական գրասենյակների զարգացման առումով փաստաբանների պալատի և քննարկման մասնակիցների կողմից մասնավորապես հետևյալ հարցերն են առաջ քաշվել՝
1. Պալատի կայքում փաստաբանական գրասենյակների ցանցի ստեղծում.
2. Պալատի կայքում «փաստաբանների օգտակար փաթեթներ» հավելվածի ստեղծում, որտեղ կներառվեն Բժշկական ապահովագրության, վարկավորման և այլ հետաքրքիր առաջարկությունները և զեղչերը փաստաբանների համար.
3. անհրաժեշտ աշխատատեղերի բազայի ստեղծում՝ Պալատի կայքում՝ միայն փաստաբանների տեսանելիության համար.
4. իրավախախտ դատավորների բազայի ստեղծում- ընթերակաների մոդելով՝ Պալատի կայքում՝ միայն փաստաբանների տեսանելիության համար.
5. Պալատում գիտա-վերլուծական մեկ կամ երկու փորձագետների ներգրավվում- օրենսդրական փաթեթների կամ տեսական հարցերի վերաբերյալ եզրակացությունների տրամադրում (ֆինանսավորման հարցը լրացուցիչ ճշտման կարիք ունի).
6. փաստաբանական գրասենյակների կառավարման համակարգչային ծրագրի պատվիրում (ֆինանսավորման հարցը լրացուցիչ ճշտման կարիք ունի).
7. Փաստաբանական գրասենյակների կառավարման վերապատրաստման դասընթացների ակտիվ ներդրում.
8. փաստաբանական գրասենյակների մասնագիտական ապահովագրության փաթեթների վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում։