2016 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգթոնում անցկացվեց Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթի միջազգային փուլը: Մրցույթին Հայաստանը ներկայացնում էր հայաստանյան մրցափուլում հաղթող ճանաչված՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմը:
Այս տարի մրցույթի միջազգային մրցափուլին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող 116 թիմեր:
Մրցույթի կազմակերպման հայաստանյան 16 տարիների ընթացքում այս տարի Հայաստանը առաջին անգամ նվաճել է լավագույն հորիզոնականը՝ զբաղեցնելով 37-րդ տեղը՝ 116 երկրների շարքում: Մինչ այս, լավագույն արդյունքը ցույց է տվել Երևանի պետական համալսարանի թիմը 2009 թվականին՝ գրավելով 49-րդ տեղը` չորս խաղից երկուսը հաղթելով, երկուսը` պարտվելով:
Հայաստանում Ամերիկյան համալսարանը ներկայացնող թիմը միջազգային մրցափուլում մրցել է Կոստա Ռիկան, Կիպրոսը, Ավստրալիան և Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմերի հետ, և ունեցել է 3 հաղթանակ, 1 պարտություն:
Բացի այդ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի անդամ Մարգարիտա Թովմասյանը ճանաչվել է մրցույթի լավագույն 50 բանախոսներից մեկը՝ ավելի քան 400 բանախոսների շարքում:
Հայաստանի Ամերիկյան Համալսարանի թիմի մարզիչներն են Արա Խզմալյանն ու Եղիշե Կիրակոսյանը, իսկ իրավագիտության մագիստրոսական ծրագրի ղեկավարը` Ադելաիդա Բաղդասարյանը:
Նշենք նաև, որ հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլում պարտված Հայաստանում Ֆրանսիական համալսարանը ներկայացնող թիմը, համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Նորա Սարգսյանի խնդրանքով միջազգային մրցույթի կազմակերպիչ` Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի գործադիր տնօրենի հատուկ թույլտվությամբ նույնպես մասնակցեց միջազգային փուլին՝ ցավոք, կրելով 4 պարտություն, զբաղեցրել է 106-րդ տեղը:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի թիմը մրջազգային մրցափուլում մրցել է Դոմինիկյան Հանրապետությունը, Ավստրալիան, Չինաստանը և Ֆինլանդիան ներկայացնող թիմերի հետ:
Ֆրանսիական համալսարանի թիմի մարզիչը Արամ Օրբելյանն է:
Նշենք նաև, որ մեր հարևան Վրաստանը ներկայացնող թիմը 38-րդն է, Թուրքիան ներկայացնող թիմը` 63-րդը, Ադրբեջանի թիմը 113-րդը: Բոլոր թիմերի արդյունքներն այստեղ:
Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթը կազմակերպում է 2000 թվականից՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի (նախկին անվանումը՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա) կողմից՝ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության և Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հետ համատեղ: Մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային կառավարիչն է Սյուզաննա Սողոմոնյանը: