Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասնմեկերորդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան,Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
2011թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 12-ին և 13-ին: Մրցույթի չորս նախընտրական և երկու կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր յոթ բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով վեց թիմ, որոնք ներկայացնում էին Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը, Երևանի պետական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը, Երևանի Հյուսիսային Համալսարանը, Սանկտ-Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, տնտեսագիտության և իրավունքի ինստիտուտը:
«2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
2011թ.-ի փետրվարի 13-ին, ժամը 18.30-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կայացավ «2011թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին և մրցանակաբաշխության այլ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեց եզրափակիչ մրցափուլի դատավոր Արա Զոհրաբյանը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Երևանի պետական համալսարանի գրավոր աշխատանքը:
Մրցույթի առաջին նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Ջոն Հայրապետյանը:
Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։
Մրցույթի երրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սամվել Յուզբաշյանը:
Մրցույթի չորրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։
Մրցույթի լավագույն բանախոս տիտղոսին արժանացավ Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։
Այս տարի առաջին անգամ Ջեսափի մրցույթի Հայաստանյան պատմության մեջ պատրաստվել էր Ջեսափի Գավաթ, որը հանձնվեց հաղթող թիմին, վրան փորագրելով թիմը ներկայացնող ԲՈՒՀ-ի անվանումը։