Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան թվով տասներորդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաև Հայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների մոտ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
2010թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 6-ին և 7-ին: Մրցույթի չորս նախընտրական և երկու կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր յոթ բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով հինգ թիմ, որոնք ներկայացնում էին Գյումրու Մ․ Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը, Երևանի պատական համալսարանը, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը, Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպում են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
2010թ.-ի փետրվարի 7-ին, ժամը 17.30-ին ՀՀ վճռաբեկ դատարանում կայացավ «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին և մրցանակաբաշխության այլ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին եզրափակիչ մրցափուլի նախագահող դատավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը, մրցույթի ազգային կառավարիչ Մարիաննա Եղիազարյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտը։
Մրցույթի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանի գրավոր աշխատանքը:
Մրցույթի առաջին նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Սյուզաննա Շամախյանը:
Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Մանե Սարգսյանը։
Մրցույթի երրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոսներ ճանաչվեցին Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ներկայացնող թիմի անդամներ Վաչիկ Շահվերդյանը և Գայանե Մակարյանը:
Մրցույթի լավագույն բանախոս տիտղոսին արժանացավ Վանաձորի Հ․Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը ներկայացնող թիմի անդամ Գայանե Մակարյանը:
Մրցույթը մեկնաբանվեց մի շարք ԶԼՄ-ների կողմից։