2004թ.-ից սկսած Հայաստանում կազմակերպվում է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական ամենամյա գիտաժողովը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը: 2004թ.-ից ի վեր կազմակերպվել է երեք գիտաժողով` յուրաքանչյուր տարի մեկ անգամ սկզբունքով: Գիտաժողովի հիմնական նպատակն է նպաստել փաստաբանության բնագավառում իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակի բարձրացմանը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը և նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը: Հայաստանի իրավաբանական հիմնադրամը հանդիսանում է գիտաժողովի համակազմակերպիչ: Ստորև կարող եք գտնել ավելի մանրամասն տեղեկատվություն գիտաժողովի վերաբերյալ:
2006թ.-ի նոյեմբերի 14-ին «Երևան» հյուրանոցում կայացավ «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից` գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 21 ուսանողներ` Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 11 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները` առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ: Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից:
«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական երրորդ գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հինգերորդ կուրսի ուսանողուհի Եսթեր Բարսեղյանը: ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Հայկ Կարապետյանն արժանացավ «Լավագույն գրավոր զեկույց» և գիտաժողովի երկրորդ մրցանակներին: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի չորրորդ կուրսի ուսանող Գևորգ Մարտիրոսյանը:
Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ: Բանավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան խրախուսական մրցանակների: Գիտաժողովի հիմնադիր, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Զադոյանը նախատեսել էր գիտաժողովի հատուկ մրցանակ, որը շնորհվեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Լիլիթ Քամալյանին:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց «Երևան» հեռուստաընկերության և «Առավոտ» օրաթերթի կողմից: Գիտաժողովի լավագույն զեկույցների թեզիսներով հրատարակվել է գրքույկ, որը անվճար հիմունքներով տարածվել է երիտասարդ իրավաբանների և փաստաբանների շրջանում: