2008թ.-ի նոյեմբերի 27-ին Գոուլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:
Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 50 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 22 իրավաբան ուսանողներ: Ներկայացված տաս լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ:
Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր իրավաբաններից, փաստաբաններից, ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակիցներից կազմված ժյուրիի կողմից «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական հինգերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Նանե Սահակյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Երևանի Պետական Համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ավագյանը: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Գինոսյանը արժանացավ երկրորդ մրցանակին: Գիտաժողովի հիմնադիր Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարի Դավթյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և «Լավագույն հռետոր» ճանաչվեց Ոստիկանության ակադեմիայի հինգերորդ կուրսի ուսանող Դավիթ Ղարիբյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և հավաստագրեր: Բանավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց «Երկիր Մեդիա» և «TV 5» հեռուստաընկերության, Հայաստանի հանրային ռադիոընկերության, «Իրավունք Դե ֆակտո» թերթի կողմից:
Գիտաժողովի արդյունքում կտպագրվի «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական գիտաժողովի լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածուն: