2009թ.-ի նոյեմբերի 27-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կենտրոնական գրասենյակում կայացավ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից կազմակերպվող «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովի հիմնադիրն է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փաստաբան Կարեն Զադոյանը:
Գիտաժողովն արդեն կայացած ավանդույթ է և նպատակ ունի փաստաբանության բնագավառում բարձրացնել իրավաբան ուսանողների գիտելիքների մակարդակը, խրախուսել նրանց կողմից լուրջ ուսումնասիրությունների իրականացումը, նպաստել ՀՀ-ում փաստաբանական ինստիտուտի դերի բարձրացմանը, ինչպես նաև թույլ է տալիս լսել նոր գաղափարներ և լուծումներ, որոնք առաջարկվում են նոր սերնդի երիտասարդ իրավաբանների կողմից:
Գիտաժողովը բաղկացած էր 2 փուլից՝ գրավոր և բանավոր: Գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 49 ուսանողներ՝ Երևանից և ՀՀ մարզերի իրավաբանական բուհերից և բուհերի իրավաբանական ֆակուլտետներից: Գիտաժողովի գրավոր փուլին մասնակցեցին սահմանված ժամկետներում կազմակերպիչներին իրենց զեկույցները ներկայացրած 23 իրավաբան ուսանողներ: Ներկայացված հինգ լավագույն աշխատանքների հեղինակները իրավունք ստացան մասնակցել բանավոր փուլին, որի ընթացքում հանդես եկան իրենց զեկույցներով: Զեկուցողները բանավոր փուլի ընթացքում ներկայացրեցին իրենց աշխատանքները, որոնցում անդրադարձել էին փաստաբանական ինստիտուտին, գործող օրենսդրությանը, վեր էին հանել դաշտում առկա թերություններն ու բացթողումները՝ առաջարկելով իրենց տեսակետները դրանց վերացման ուղղությամբ:
Երիտասարդ իրավաբանների ելույթները գնահատվում էին հեղինակավոր փաստաբաններից կազմված ժյուրիի կողմից, որոնց թվում էին փաստաբաններ Կարեն Զադոյանը, Վրեժ Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը և Տիգրան Աթանեսյանը:
«Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի «Լավագույն գրավոր զեկույց» մրցանակին արժանացավ Մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի 4-րդ կուրսի ուսանողուհի Սիրուշ Մուրադյանը: Գիտաժողովի երրորդ մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը: Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանի երրորդ կուրսի ուսանողուհի Մարինե Քոչարյանը արժանացավ երկրորդ մրցանակին: Գիտաժողովի հիմնադիր Կարեն Զադոյանի կողմից սահմանված հատուկ մրցանակին արժանացավ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Տաթևիկ Դալլաքյանը: Իսկ գիտաժողովի հաղթող և լավագույն հռետոր ճանաչվեց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Մարիաննա Առուստամյանը: Գիտաժողովի հաղթողները ստացան արժեքավոր մրցանակներ և համապատասխան հավաստագրեր: Գրավոր փուլի մյուս մասնակիցները ևս արժանացան մասնակցության հավաստագրերի:
Գիտաժողովի բանավոր փուլը լուսաբանվեց Հայաստանի հանրային ռադիոընկերության, «Լյուն Սե» երիտասարդական ծրագրի, «Նոյան Տապան» և «Panorama» ինտերնետային կայքերի կողմից:
Գիտաժողովի արդյունքում տպագրվել է «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» թեմայով իրավաբան ուսանողների հանրապետական վեցերորդ գիտաժողովի լավագույն զեկույցները ներառող գիտաժողովի նյութերի ժողովածու: