Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 4-րդ կուրսի ուսանող Միշա Մովսիսյանը «Փաստաբանության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» իրավաբան ուսանողների հանրապետական 9-րդ գիտաժողովի հաղթողն է: Գիտաժողովի թեման` փաստաբանության ինստիտուտի դերն է կոռուպցիայի դեմ պայքարում:

Միշա Մովսիսյանն առաջարկում է միայն պրոֆեսիոնալ իրավաբաններին շնորհել փաստաբանի արտոնագիր` որպես հիմնավորում, եթե մարդը տիրապետում է իրավական դաշտին, ապա հեշտությամբ կարող է գլուխ հանել իրեն վստահված գործից և չդիմել կոռուպցիոն համագործակցությունների: «Իմ զեկույցում մի շարք առաջարկություններ եմ արել փաստաբանական ինստիտուտի զարգացման հետ կապված` որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու տեսանկյունից: Առաջարկել եմ խստացել պահանջները, որոնք կարգելեին փաստաբան դառնալ այնպիսի անձանց, որոնք նախկինում դատվածություն են ունեցել և, անկախ այն հանգամանքից, դատվածությունը հանվել կամ մարվել է: Եվ նույնիսկ առաջարկել էի այնքան խստացնել այդ պահանջները փաստաբան դառնալու համար, որ նույնիսկ վարչական կամ կարգապահական խախտում թույլ տված անձանց ուղղակի արգելվեր փաստաբանի արտոնագիր ստանալ: Եվ կառաջարկեի նաև մասնագիտական գիտելիքները ստուգող որակավորման քննությունից բացի փաստաբան դառնալ ցանակցողները հանձնեին նաև բարոյական որակները ստուգող քննություն, իսկ դրա արդեն կոնկրետ մեխանիզմները և մոդելները ներկայացրել եմ զեկույցում` հիմնական շեշտադրումը կատարել եմ Ամերիկայի Միացյալ Նահանգերում առկա փորձի վրա»,- Իրավաբան.net-ի ասաց Միշա Մովսիսյանը:

Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան` ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի իրավաբանական հիմադրամի աջակցությամբ: Գիտաժողովը բաղկացած է եղել երկու փուլից` գրավոր և բանավոր: Բանավոր փուլի ընթացքում հայտ են ներկայացրել 25 իրավաբան-ուսանողներ Հայաստանի տարբեր իրավաբանական ֆակուլտետներից: Սակայն սահմանված ժամկետներում աշխատանք են ներկայացրել 19 ուսանող: Նրանց գիտական աշխատանքներից 6-ը հաղթահարել են գրավոր փուլն ու անցել բանավոր փուլի:

2012 թվականի դեկտեմբերի 10-ին ժյուրիի կազմը, բանավոր փուլն անցկացնելուց հետո, ընտրեց երեք մրցանակակիրների: Նորարական գաղափարների համար հատուկ մրցանակ էր սահմանել Գիտաժողովի հիմնադիր, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը: Այդ մրցանակին արժանացավ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի և իրավունքի ինստիտուտի երևանյան մասնաճյուղի ուսանող Դավիթ Ասատրյանը:

ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, գիտաժողովի ժյուրիի անդամ Արփինե Եղիկյանի խոսքով` ուսանողների ներկայացրած աշխատանները հիմնականում գրված են եղել միջին մակարդակով: «Մենք աշխատանքները գնահատել ենք մի քանի չափանիշներով` առաջինը հերթին` օրենսդրական դաշտի իմացությունը` ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային, երկրորդը` օրենքների կիրառումը համապատասխան փաստերի նկատմամբ, երրորդը` բանավոր խոսելու հմտությունը, ժամանակի կառավարումը և ընդհանուր կեցվածքը` որպես բանախոս հանդես գալու առումով»,-տեղեկացրեց Արփինե Եղիկյանը:

Գիտաժողովի կազմակերպիչ Սյուզաննա Սողոմոնյանի խոսքով` արդեն 9-րդ տարին պարբերաբար կազմակերպվող այս գիտաժողովը նպատակ ունի խրախուսել իրավաբան ուսանողների կողմից ինքնուրույն հետազոտությունների կատարումը, ինչպես նաև. «Լսել վերջիններիս նոր գաղափարները, ուրույն լուծումները, օրենսդրական բացերի վերաբերյալ նրանց կողմից առաջարկվող եղանակները»,- նշեց Սյուզաննա Սողոմոնյանը:

Գիտաժողովում երկրորդ տեղը զբաղեցրեց Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Գրիգոր Մկրտումյանը, երրորդ տեղը` Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ուսանող Կլարա Սարգսյանը: