Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում տրամադրված «Սոցիալական ձեռնարկատիրությունը համայնքային զարգացման մեխանիզմ» ենթադրամաշնորհային ծրագրի շրջանակներում,«ԷկոԼաբ» կենսակայուն զարգացման և ակտիվ քաղաքացիության հիմնադրամի համաֆինանսավորմամբ և ԵՊՀ ձեռներեցության զարգացման կենտրոնի աջակցությամբ ապրիլի 26-ին Երևանի պետական համալսարանում անցկացվեց «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը» խորագրով համապետական համաժողովը։
Այն դարձավ կենդանի հարթակ, որը հնարավորություն տվեց ոլորտի տասնյակ դերակատարներին քննարկելու սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ ) էկոհամակարգին առնչվող կարևորագույն խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։
Ողջույնի խոսքով հանդես եկավ «ԼԻԳԼ ԸԼԱՅՆՍ» իրավաբանական գրասենյակի կառավարող գործընկեր, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ նշելով, որ սոցիալական ձեռնարկատիրությունն իրապես շատ կարևոր ու զարգացող ուղղություն է Հայաստանում: Նա ներկայացրեց նաև ոլորտում առկա խնդիրները՝ օրենսդրության անկատար լինելու և այլնի մասին։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ Ստանիսլավ Տոշկովը՝ նշելով, որ Եվրամիության պատվիրակությունը Հայաստանում հետաքրքրված է սոցիալական ձեռնարկատիրության և վերջինիս զարգացման թեմայով։
Բացման պաշտոնական հատվածից հետո համաժողովն իր աշխատանքը շարունակեց պանելային քննարկումների ֆորմատով: Քննարկումներն անցկացվեցին 3 հիմնական թեմաների շուրջ՝
Սոցիալական ձեռնարկատիրության էկոհամակարգը և ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմները,
ՍՁ իրավական կարգավորման հարցերը,
ՍՁ կրթության խնդիրներն ու զարգացման հնարավորությունները:
Հավելենք, որ համաժողովի շրջանակում անցկացվեց նաև Սոցիալական ձեռնարկությունների համապետական ցուցահանդես-վաճառք, որտեղ իրենց ծառայություններն ու ապրանքները կներկայացրին ՀՀ տարբեր մարզերում գործող շուրջ 50 ՍՁ-ներ: