Ինչպե՞ս կկարողանան հայաստանյան իրավաբանական բուհերի ուսանողական թիմերը հանդես գալ մե՛կ հայցվորի, մե՛կ պատասխանողի դերում, ճիշտ իրավական որակումներ տալ փաստերին ու հիմնավորել փաստարկները: Հենց սա է «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի էությունը` կարևորը լավ տիրապետել միջազգային իրավունքի աղբյուրներին ու չընկճվել դատավորների հարցերին պատասխանելիս:
Միջազգային այս մրցույթ-դատախաղին Հայաստանի թիմերը մասնակցում են 2000 թվականից: Հայաստանյան մրցափուլի կազմակերպիչներն են` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը: Ազգային փուլում հաղթող թիմը մեկնում է Վաշինգթոն մրցելու աշխարհի շուրջ 90 երկրներից դատախաղին մասնակցող թիմերի հետ: Ի դեպ, և՛ ազգային, և՛ միջազգային փուլում դատախաղի տեսքով անցկացվող մրցույթի վեճը նույն է: Հայաստանյան մրցափուլի եզրափակիչ փուլը տեղի ունեցավ 2013 թվականի փետրվարի
«Ազգային մրցափուլը բաղկացած է երկու փուլերից`գրավոր և բանավոր: Հայտարարվում է մրցույթի բացման մասին, որի ընթացքում թիմերը գրանցվում են, ներկայացնում են իրենց հայցադիմումները: Թիմերը ներկայացնում են բուհերը, բուհերի իրավաբանական ֆակուլտետի ուսանողները: 3-5 հոգի է կազմում թիմը, և թիմն ունի նաև մարզիչ, խորհրդատու»,-նշեց «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ Սյուզաննա Սողոմոնյանը:
Այս տարի միջազգային դատախաղի հայաստանյան փուլին մասնակցելու համար գրանցվել են Երևանի և տարբեր մարզերի 7 բուհերի թիմեր, որոնցից 4 են սահմանված ժամկետներում կազմակերպիչներին ներկայացրել իրենց հայցադիմումները: «Շատ հաճախ շատ համալսարանների ուսանողներ ցանկանում են կազմել թիմեր, մեծ ոգևորությամբ ցանկանում են մասնակցել, սակայն մարզիչների բացակայության պատճառով չեն մասնակցում»,-նշեց Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի ազգային համակառավարիչ Մարիամ Զադոյանը:
Նախապես տեղյակ լինելով Վաշինգթոնից ուղարկված վեճի էությանը` թիմերը ուսումնասիրել են միջազգային իրավունքի աղբյուրները, կազմել և’ հայցվորի, և’ պատասխանողի դերերում հանդես գալու համար անհրաժեշտ հայցադիմումներ: Թիմերի աշխատանքները գրավոր փուլում ստուգել ու գնահատել են 3 դատավորներ: Ապա 4 թիմերն էլ անցել են բանավոր փուլ: Բանավոր փուլի առաջին օրն է: Մասնակից 4 թիմերից յուրաքանչյուրը մրցելու է մյուս 3 թիմերի հետ` և՛ հայցվորի, և՛ պատասխանողի դերով:
Մրցույթի մասնակից, Երևանի մենեջմենթի համալսարանի Գյումրու կրթահամալիրի իրավաբանական ֆակուլտետի ուսանող Աննա Միքայելյանն ուսանող-իրավաբանների համար շատ է կարևորում դատախաղը`այն նպաստում է նոր գիտելիքների ձեռք բերելուն. «Անկախ մրցույթի արդյունքների` մենք վստահ ենք, որ հետագայում մեր վրա կատարած աշխատանքների հետևանքով մենք կարող ենք լավ իրավաբան դառնալ և կարող ենք մեր պետությանն ինչ-որ օգուտ տալ»:
Մրցափուլի առաջին օրը 4 թիմերից երկուսն անցան եզրափակիչ փուլ: Նրանք վիճակահանության սկզբունքով հաջորդ օրը դատարանի առջև հանդես եկան հայցվորի և պատասխանողի դերում, վիճարկեցին հակառակ կողմի փաստարկերն ու պնդեցին իրենց խնդրանք ու պահանջը, ապա երեք դատավորները որոշեցին հաղթող թիմին:
Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի եզրափակիչ փուլի նախագահող դատավորն էր: Նրա խոսքով` հաղթողին որոշել են կոլեգիալ. «Պետք է նշեմ, որ մի քանի չափանիշներ հաշվի առնելով ենք որոշել հաղթողին. այսինքն, իրավունքի իմացություն, փաստարկների ներկայացում և կիրառելի իրավունքը ինչքանո՞վ է հստակ ներկայացվում և նաև փաստաբանական, հռետորական արվեստի տեսանկյունից, թե ինչպե՞ս է նյութը մատուցվում դատարանին»:
Վերջապես հայտնի է հաղթող թիմը և բուհը: Ուսանողները Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետից են: «Ոգևորություն մեզ մոտ իհարկե, առկա է: Ցանկանում ենք, որ նույն ոգևորվածությամբ համակվեն նաև այս մրցույթի հետագա մասնակիցները: Իրոք, շատ մեծ գիտելիքներ է տալիս դատախաղը միջազգային իրավունքի ոլորտում, մեծ բան է տալիս ոչ միայն գիտելիքների ըմբռնման, այլև դրա մատուցման, պրակտիկ փորձի տեսանկյունից»,- ասաց հաղթող թիմի անդամ Տիգրան Խաչիկյանը:
«Մեծ պատիվ է ինձ համար, կարծում եմ պարտավորեցնող է և կձգտեմ անել ամենը, որպեսզի հետագայում նման կոչմանն արժանանալու բարձր մակարդակն էլ ավելի բարձրացնեմ»,- ասաց ազգային մրցափուլի ժամանակ «Լավագույն հռետոր» ճանաչված, դատախաղի երկրորդ տեղը գրավված Գիտությունների ազգային ակադեմիա միջազգային գիտակրթական կենտրոնի թիմի անդամ Գրիգոր Թունյանը:
Միջազգային իրավունքի գծով իրավական գիտությունների թեկնածու Արա Խզմալյանն այս տարի եզրափակիչ փուլի երեք դատավորներից մեկն էր: Նա հինգ տարի մասնակցել է «Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղի» միջազգային մրցափուլին, երեք անգամ` որպես թիմի անդամ, երկու անգամ`թիմի մարզիչ: «Իհարկե, այն տարբերվում է միջազգային մրցափուլից: Ամենակարևոր գործոնը լեզուն է: Այդ առումով հայաստանյան թիմերը շատ ծանր կացության մեջ են, որ միակն են այսօր մնացած 80 երկրներից, որտեղ ազգային մրցափուլն այլ լեզվով է, քան միջազգայինում»,- նշեց Արա Խզմալյանը: Նրա խորհուրդը հաղթող թիմին այն է, որ ոչ մի վայրկյան չդադարեն պատրաստվել միջազգային մրցափուլի համար: