Ավարտվեց «2009թ. Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան 9-րդ մրցափուլը, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։ Մրցույթի անցկացմանն իր աջակցությունն է ցուցաբերել նաևՀայաստանի Հանրապետության Դատական դեպարտամենտը, որը տրամադրել էր դահլիճներ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության և ՀՀ Վճռաբեկ դատարաններում, մրցույթի բանավոր մրցափուլերն անցկացնելու համար։
Մրցույթի այս տարվա թեման վերաբերում է «Ապաստանի տրամադրում գործողության» առնչությամբ ծագած տարաձայնություններին։
2009թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 7-ին և 8-ին: Մրցույթի չորս նախընտրական և կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ Վճռաբեկ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել յոթ բուհերի իրավաբանական ֆակուլտետները ներկայացնող թիմեր, որոնցից մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին հինգը՝ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական մանկավարժական համալսարանը, Երևանի պատական համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը ներկայացնող թիմերը։
Եզրափակիչ մրցափուլի ավարտին հաջորդեց մրցանակաբաշխությունը։
«2009թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը ներկայացնող թիմը։
Մրցույթի բոլոր չորս նախընտրական մրցափուլերի, ինչպես նաև մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը։
Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող և պատվավոր երկրորդ տեղը գրաված թիմերին և լավագույն բանախոսին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:
Մարտի 28-ին ավարտվեց 2009թ.-ի «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի միջազգային մրցափուլը, որտեղ հայաստանյան մրցափուլի հաղթող Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը ներկայացնում էր Հայաստանի Հանրապետությունը: Միջազգային փուլն անցկացվեց սույն թվականի մարտի 22-ից 28-ը՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգթոնում:
Մեր թիմը Հայսատանում Ջեսափի մրցույթի պատմության մեջ առաջին անգամ մրցանակային տեղի է արժանացել լավագույն հայցադիմումների մրցույթում։ Մրցույթի միջազգային մրցափուլում բացի լավագույն հայցվորի և լավագույն պատասխանողի գրավոր աշխատանքերին տրամադրվող Բաքստերի մրցանակներից, մրցանակներ են շնորհվում նաև առաջին տաս հորիզոնականը զբաղեցնող գրավոր աշխատանքերին։ Տաս մրցանակներից հինգերորդին՝ «Alona E. Evans-ի անվան Լավագույն գրավոր աշխատանք, հինգերորդ տեղ» մրցանակին է արժանացել հայաստանյան թիմի գրավոր աշխատանքը։
Միջազգային իրավունքի ոլորտում ամենահեղինակավոր ու ամենաընդգրկուն մրցույթում հայաստանյան թիմի նշանակալից ձեռքբերումները խրախուսանքի են արժանացել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից։ ՀՀ Կրթության և գիտության նախարարի տեղակալ Արա Ավետիսյանի կողմից Ջեսափի մրցույթում Հայաստանը ներկայացնող ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Լևոն Գևորգյանը, Արմենուհի Գառգալոյանը, Տարոն Սիմոնյանը, նրանց մարզիչ Եղիշե Կիրակոսյանը, թիմի իրավախորհրդատու Սառա Շիրազյանը պարգևատրվեցին շնորհակալագրերով։