Ավարտվեց «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան ևս մեկ մրցափուլ, որը թվով ութերորդն էր:
Այս տարի ևս, ինչպես նախորդ տարիներին, մրցույթը կարողացավ ծառայել իր հիմնական նպատակին՝ նոր սերնդի իրավաբան-ուսանողների՝ միջազգային իրավունքի բնագավառում ունեցած գիտելիքների խորացմանը, միջազգային փորձին հաղորդակցմանը, միջազգային իրավունքի բնագավառում հմուտ և բանիմաց մասնագետների պատրաստմանը:
2008թ. Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը կայացավ սույն թվականի փետրվարի 9-ին և 10-ին: Մրցույթի չորս նախընտրական և երկու կիսաեզրափակիչ մրցափուլերը տեղի ունեցան Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ եզրափակիչ մրցափուլը` ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թիմեր ինը բուհերից, սակայն մրցույթի բանավոր փուլին մասնակցում էին թվով յոթ թիմ, որոնք ներկայացնում էին Եվրասիա միջազգային համալսարանը, Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա հիմնադրամը, Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամը, Հայկական բաց համալսարանը, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտը, Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը և Երևանի պատական համալսարանը:
«Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը կազմակերպել են Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Հայաստանի իրավաբանական հիմնադրամը և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
2008թ.-ի փետրվարի 10-ին, ժամը 17.30-ին Գոուլդեն Թուլիփ Երևան հյուրանոցում տեղի ունեցավ երեկույթ ջեսափականների մասնակցությամբ, որի ընթացքում էլ կայացավ «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
Միջոցառման ընթացքում մրցույթի մասնակիցներին և մրցանակաբաշխության այլ մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն ուղղեցին մրցույթի ազգային կառավարիչ Արփինե Եղիկյանը, մրցույթի համակազմակերպիչ «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թոմաս Միթնախտը, ինչին հաջորդեց հանդիսավոր մրցանակաբաշխությունը:
«2008թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթում երկրորդ տեղը գրավեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմը:
Մրցույթի լավագույն հայցադիմում ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի գրավոր աշխատանքը:
Մրցույթի առաջին և չորրորդ նախընտրական մրցափուլերի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը:
Մրցույթի երկրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (սլավոնական) պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Արամ Վարդևանյանը:
Մրցույթի երրորդ նախընտրական մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի անդամ Տարոն Սիմոնյանը:
Մրցույթի լավագույն բանախոս տիտղոսին արժանացավ Երևանի պետական համալսարանը ներկայացնող թիմի ավագ Լևոն Գևորգյանը:
Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող թիմերին և լավագույն բանախոսներին, ինչպես նաև մրցույթի բոլոր մասնակիցներին շնորհվեցին վկայականներ: