Տարիներ շարունակ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթը աշխարհի գրեթե բոլոր երկրներում ծառայում է միասնական նպատակի` զարգացնելու երիտասարդ սերնդի իրավաբանների գիտելիքները միջազգային իրավունքի բնագավառում, պատրաստելու այդ ոլորտում հմուտ և բանիմաց իրավաբաններ: Արդեն յոթերորդ տարին է` մրցույթի այդ նպատակն իրագործվում է նաև Հայաստանի Հանրապետությունում: Մրցույթն ուսուցողական է և մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: Մրցույթն անցկացվում է միջազգային և ազգային մրցափուլերով: Յուրաքանչյուր մրցափուլ իր հերթին անց է կացվում երկու` գրավոր և բանավոր փուլերով:
Հայաստանում այս տարի 7-րդ անգամ կայացավ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
«2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի մասնակցության հայտ էին ներկայացրել 10 թիմեր` Երևանից և ՀՀ մարզերից: Որպես մրցույթի դատավոր` ժյուրիի կազմում ընդգրկվել էին միջազգային իրավունքի ոլորտում Հայաստանի լավագույն մասնագետներ` տարբեր պետական ու ոչ պետական մարմինների աշխատակիցներ, փաստաբաններ:
2007թ.-ի փետրվարի 9-ին և 10-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում և Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ «2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը: 2007թ.-ի փետրվարի 9-ին և 10-ին տեղի ունեցան մրցույթի երեք նախնական փուլերը, իսկ մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ փետրվարի 10-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում: Մրցույթի եզրափակիչ մրցափուլի ժյուրիի դատավորներն էին ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետի տեղակալ, ՀՀ արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդական Վրեժ Գասպարյանը, ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային իրավական հարաբերությունների վարչության ղեկավար Նելլի Հարությունյանը` նախագահությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանի:
«2007թ. Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը: «2007թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն հայցադիմում ճանաչվեց նույն համալսարանի թիմի հայցադիմումը, իսկ թիմի ներկայացուցիչ Արա Խզմալյանը ճանաչվեց հայաստանյան մրցույթի լավագույն բանախոս:
Հայաստանյան մրցափուլը եզրափակվեց հանդիսավոր մրցանակաբաշխությամբ, որին մասնակցում էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան hասարակայնության կապերի բաժնի ղեկավար պարոն Թոմաս Միթնախտը:
Հայաստանյան մրցափուլի հաղթող և մասնակից թիմերի անդամներին, հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոսին պաշտոնական արարողությամբ շնորհվեցին համապատասխան հավաստագրեր, որոնք հանձնեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը: Մրցույթի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան hասարակայնության կապերի բաժնի ղեկավար պարոն Թոմաս Միթնախտը, ՀՀ Արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավար Շահեն Ավագյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը: