Գլոբալիզացիայի ու ինտեգրացման գործընթացների համատեքստում ցանկացած երևույթ կարող է զարգանալ ու կատարելագործվել այլ նմանատիպ երևույթների հետ հարաբերակցվելու, համեմատվելու, վերջիններիս դրական փորձը փոխառելու միջոցով: Բացառություն չէ նաև պետությունը… Այս նպաատկին հասնելու համար մեծ գործ ունի անելու երիտասարդ սերունդը, որին պետք է հնարավորություն տալ և նախապատրաստել իրականացնելու այդ բարդ առաքելությունը: Նման հնարավորություն է նաև «Ֆիլիպ Ջեսափի անվան» դատախաղ մրցույթը:
«Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում 1959թ.-ից` աշխարհի շուրջ 90 երկրներում: Մրցույթը կրում է Միջազգային դատարանի դատավոր Ֆիլիպ Ջեսափի անունը և բավականին մեծ տարածում ու հեղինակություն ունի աշխարհում: Այն նպաստում է իրավաբան ուսանողների կողմից միջազգային, նախադեպային և սովորութային իրավունքների կիրառման առանձնահատկությունների առավել լիարժեք ուսումնասիրմանը, փաստաբանական գրավոր և բանավոր հմտությունների զարգացմանը, հնարավորություն է տալիս ուսանողներին բանավեճ ծավալել միջազգային արդիական հիմնախնդիրների շուրջ, որն ավելի է կարևորվում իրավական տարբեր համակարգերի տարբերության համատեքստում: Մրցույթն ուսուցողական է և մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում: Մրցույթն անցկացվում է միջազգային և ազգային մրցափուլերով: Յուրաքանչյուր մրցափուլ իր հերթին անց է կացվում 2` գրավոր և բանավոր փուլերով:
Հայաստանում այս տարի 6-րդ անգամ կայացավ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը, որը կազմակերպվել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի, Հայաստանի Իրավաբանական հիմնադրամի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության կողմից` ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
«2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 թիմեր` Երևանից և ՀՀ մարզերից, որոնցից 7-ը մասնակցեցին բանավոր փուլին: Որպես մրցույթի դատավոր` ժյուրիի կազմում ընդգրկվել էին միջազգային իրավունքի ոլորտում Հայաստանի լավագույն մասնագետներ` տարբեր պետական ու ոչ պետական մարմինների աշխատակիցներ, փաստաբաններ:
2006թ.-ի փետրվարի 4-ին և 5-ին Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ «2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը: Փետրվարի 4-ին, հաստատված ժամանակցույցին համապատասխան, անցկացվեցին մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ նախնական մրցափուլերը, իսկ փետրվարի 5-ին` մրցույթի 4-րդ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը:
2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը: «2006թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն հայցադիմում ճանաչվեց նույն համալսարանի թիմի հայցադիմումը, թիմի ներկայացուցիչներ Արա Խզմալյանը և Հայկ Ղազազյանը ճանաչվեցին հայաստանյան մրցափուլի նախնական փուլերի լավագույն բանախոսներ, իսկ Արա Խզմալյանը ճանաչվեց նաև հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս:
Հայաստանյան մրցափուլը եզրափակվեց հանդիսավոր մրցանակաբաշխությամբ: Հայաստանյան մրցափուլի հաղթող և 2-րդ տեղ գրաված թիմերին, հայաստանյան մրցափուլի և նախնական փուլերի լավագույն բանախոսներին պաշտոնական արարողությամբ շնորհվեցին համապատասխան հավաստագրեր, որոնք հանձնեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը: Մրցույթի վերաբերյալ իրենց կարծիքներն արտահայտեցին Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի նախագահ Արմինե Առաքելյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը, մրցույթի դատավոր Վ.Գասպարյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը:
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտի 26-ից ապրիլի 2-ը Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային մրցափուլին: