Հայաստանում 5-րդ անգամ տեղի ունեցավ «2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլը, որը կազմակերպել էր Հայաստանի Իրավաբանական հիմնադրամի, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Իրավաբան Ուսանողների Բաժանմունքի կողմից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։ «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթն անց է կացվում իրավաբան ուսանողների միջև։ Մրցույթը նպաստում է իրավաբանական ԲՈՒՀ-երի ուսանողների կողմից միջազգային և սովորութային իրավունքների կիրառման առանձնահատկությունների ավելի խոր ուսումնասիրմանն ու փաստաբանական գրավոր և բանավոր հմտությունների զարգացմանը, հնարավորություն է տալիս ուսանողներին բանավեճ ծավալել միջազգային արդիական հիմնախնդիրների շուրջ, որն ավելի է կարևորվում իրավական տարբեր համակարգերի տարբերության համատեքստում։ Մրցույթն ուսուցողական է և մեծ հետաքրքրություն է առաջացնում ուսանողների շրջանում։
Մրցույթն անց է կացվում 2 փուլով՝ գրավոր եւ բանավոր։
«2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի մասնակցության հայտ էին ներկայացրել 14 թիմեր՝ Երեւանից եւ ՀՀ մարզերից։
2005թ.-ի փետրվարի 5-ին և 6-ին Երևան քաղաքում, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ «2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի բանավոր փուլը, որին մասնակցեցին 8 թիմեր։ Փետրվարի 5-ին, հաստատված ժամանակցույցին համապատասխան, անցկացվեցին մրցույթի 1-ին, 2-րդ, 3-րդ նախնական մրցափուլերը, փետրվարի 6-ին անցկացվեցին մրցույթի 4-րդ նախնական, կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերը։
«2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի հաղթող ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմը։ «2005թ.-ի Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի հայաստանյան մրցափուլի լավագույն հայցադիմում ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող թիմի հայցադիմումը, հայաստանյան մրցափուլի նախնական փուլերի լավագույն բանախոսներ ճանաչվեցին Սառա Շիրազյանը և Աննա Հակոբյանը ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետի թիմից, Արա Խզմալյանը Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմից, իսկ հայաստանյան մրցափուլի լավագույն բանախոս ճանաչվեց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ներկայացնող Արա Խզմալյանը։
Հայաստանյան մրցափուլի ավարտին տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխություն, որին մասնակցեցին հյուրեր, մրցույթի դատավորներ և ուսանողներ։ Հայաստանյան մրցափուլի հաղթող և 2-րդ տեղ գրաված թիմերին, հայաստանյան մրցափուլի և նախնական փուլերի լավագույն բանախոսներին, պաշտոնական արարողությամբ շնորհվեցին համապատասխան հավաստագրեր, որոնք հանձնեցին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը։ Մրցույթի վերաբերյալ իրենց կարծիքները արտահայտեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչ Նարիա Գյուլնազարյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ Կ.Զադոյանը, մրցույթի դատավոր Վ.Սարգսյանը և մրցույթի ազգային կառավարիչ Լ.Աբգարյանը։
Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը մարտի 28-ից ապրիլի 2-ը Վաշինգթոնում կմասնակցի մրցույթի միջազգային փուլին։