Իրավաբանների հայկական ասոցիացիան, ՀՀ փաստաբանների պալատը և ՀՀ փաստաբանական ակադեմիան կազմակերպել են «Փաստաբանություն. ներկա վիճակը և զարգացման հեռանկարները ՀՀ-ում» 12-րդ ամենամյա հանրապետական գիտաժողովը՝ «Փաստաբանի անկախությունը» խորագրով: Գիտաժողովի հովանավորներից էր նաև «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունը:
2023 թ.-ի հուլիսի 14-ին կայացել է գիտաժողովի բանավոր՝ ամփոփիչ փուլը․ գիտաժողովի մասնակիցները ՀՀ բուհերի իրավաբանական ֆակուլտետների և քոլեջների իրավաբանական բաժինների ուսանողներն ու ՀՀ փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն էին։
«Գիտաժողովն ունի 12 տարվա պատմություն։ Հիմնական խնդիրն է՝ խթանել ուսանող իրավաբանների սերը դեպի փաստաբանության ինստիտուտը»,-ողջույնի իր խոսքում ասաց գիտաժողովի հիմնադիր, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերության նախագահ Կարեն Զադոյանը։
«Հատկանշական է, որ գիտաժողովի այս տարվա խորագիրը հետաքրքիր է փաստաբանական իսնտիտուտի համար։ Ինչ վերաբերում է զեկույցների բովանդակությանը՝ դրանցում տեղ են գտել այնպիսի մոտեցումներ, որոնք օրենսդրական մակարդակով կարող են ամրագրվել։ Մենք ամեն բան մտածել ենք, որ մեր դռները բացենք լավ մասնագետների համար»,-ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
«Շատ կարևոր թեմա է ընտրված։ Հաճախ՝ գիտական կառույցները կամ այլ պետական ինստիտուտներ նմանատիպ թեզերը տալիս են երիտասարդներին։ Երիտասարդները շատ հաճախ հետազոտության, ուսումնասիրության ընթացքում լավ գաղափարներ են առաջարկում, որը պետության զարգացման համար առանցքային դեր է ունենում։ Այս առումով դուք էլ բացառություն չեք և ձեր զեկույցներում փորձելու ենք գտնել՝ ինչ նոր բան եք մեզ առաջարկում»,-դիմելով գիտաժողովի մասնակիցներին՝ ասաց ՀՀ փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։
Գիտաժողովի հաղթողը՝ Ժաննա Հայրապետյանը մի շարք մրցանակներ ստացավ կազմակերպիչների կողմից, այդ թվում՝ երկամսյա պրակտիկայի հնարավորություն «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությունում:
«Փաստաբանի անկախության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության հիմնաքարային սկզբունքներից մեկը և անձի սահմանադրական իրավունքների իրականացման կարևորագույն երաշխիքը։ Առանց անկախ փաստաբանական համայքնի անհնար է պատկերացնել մարդու իրավունքների պատշաճ պաշտպանությունը»,-իր ելույթում նշեց Ժաննա Հայրապետյանը։